Դաշնակցությունը մեծ շուքով կնշի ԼՂՀ-ի հռչակման օրը
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Դաշնակցությունը պատշաճ մակարդակով կնշի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձը, երեքշաբթի լրագրողներին ասաց Դաշնակցության Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում:
Ռուստամյանի խոսքերով՝ Դաշնակցությունը ծրագրում է միջոցառում անցկացնել Երևանի «Դինամո» մարզահամալիրում: «Այդ օրը մենք մեր գնահատականը կներկայացնենք Ղարաբաղի շուրջ տիրող այսօրվա իրավիճակի կապակցությամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը», - նշեց նա:
Ռուստամյանն ասաց, որ այդ գնահատականների լեյտմոտիվը կդառնա մի դիրքորոշում, ըստ որի՝ Հայաստանը կարող է զարգանալ և ամրապնդել սեփական պետականությունն առանց ղարաբաղյան խնդրում արվող զիջումների:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-