ԼՂՀ ՊԲ-ն հերքում է տեղեկատվությունն այն մասին, թե ղարաբաղյան ստորաբաժանումները հարձակում են գործել ադրբեջանական դիրքերի վրա
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շփման գոտու Ֆիզուլու ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տարածված լուրը, այն է` իբր ղարաբաղյան ստորաբաժանումները հարձակում են գործել Աշաղը Աբդուռահմանլու գյուղի շրջանում տեղակայված իրենց դիրքերի վրա, որի արդյունքում զոհվել է մեկ ադրբեջանցի զինվոր, լրիվությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «պաշտոնական Բաքուն կատարվածի իրական պատճառը պետք է փնտրի իր բանակում տիրող բարոյահոգեբանական գերլարված վիճակի մեջ, որը հատկապես իրեն զգացնել է տալիս սույն թվականի հունիսի 18-ին շփման գոտու Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած զինված առճակատումից հետո»: Չի բացառվում, որ Աշաղը Աբդուռահմանլուի մերձակայքում ադրբեջանցի զինվորի կորուստը պայմանավորված լինի հենց այդ գերլարված իրավիճակով:
Ինչ վերաբերում է շփման գոտու տվյալ հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության փաստին, ապա ՊԲ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի խախտման բազում դեպքեր են արձանագրվել ոչ միայն Ֆիզուլու, այլև առաջնային գծի ողջ երկարությամբ: Այդ ընթացքում, միայն ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 անգամ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո սահմանահատվածի բոլոր ուղղություններում հակառակորդը լռել է: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-