Լեռնային Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ զիջել. ԼՂՀ վարչապետ

03.11.2009, 11:30
Լեռնային Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ զիջել. ԼՂՀ վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ զիջել, Ստեփանակերտում լրագրողներին ասաց  ԼՂՀ վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի տարածքն այսօրվա տարածքն է, որն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ, և «մենք չենք պատրաստվում տարածքային առումով որևէ փոխզիջման գնալ»։

Վարչապետը նշեց, որ Լեռնային Ղարաբաղն ունի իր սեփական կարծիքը, և «մենք կառաջնորդվենք մեր սկզբունքներով»։

«Հետագայում նախատեսվում է Քարվաճառում բազմաբնակարանային շենքերի կառուցումը, Խաչեն գետի ջրամբարի, Աղդամը Մարտակերտին միացնող ճանապարհային հատվածի, Վարանդի ջրամբարի  վերականգնումը,  հանրապետության ոռոգման համակարգի զարգացումը, առաջիկայում Կովսականի դպրոցի նորոգումը և այլ աշխատանքներ»,- հայտնեց ԼՂՀ վարչապետը։

Ղարաբաղի կառավարության ղեկավարը նշեց, որ դա վկայում է այն մասին, որ «տարածք» ասելով՝ Ղարաբաղում հասկանում են Արցախի ներկայիս փաստացի տարածքը։

Պատասխանելով հակամարտության կարգավորման հայտնի «մադրիդյան սկզբունքներին» վերաբերող հարցին՝ Արա Հարությունյանը հայտարարեց, որ Արցախը պաշտոնապես չի ստացել տվյալ «մադրիդյան սկզբունքները» և դրանց մասին տեղեկացել է թերթերի և տեղեկատվության միջոցով, հավելելով, որ «այդ սկզբունքները չեն կարող մեզ համար փաստաթուղթ լինել»։

«Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նախագահները նշեցին, որ ցանկացած փաստաթուղթ ընդունված կլինի Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների կողմից միայն ժողովրդի կողմից հավանություն ստանալուց հետո։ Այդ առումով մենք իրավունք չունենք կասկածելու և պետք է վստահենք, քանի որ վերջին խոսքը ժողովրդինն է լինելու»,- նշեց Հարությունյանը։

Այն հարցին, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը վերաբերվում սահմանի բացմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տնտեսության վրա այդ գործընթացների հնարավոր ազդեցությանը, ԼՂՀ վարչապետը պատասխանեց, որ «մենք բոլորս գիտակցում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների բարելավումը երկրի զարգացմանը նպաստող միակ ճանապարհն է»։

Արա Հարությունյանը նշեց, որ սահմանի բացումը չի նշանակում որևէ պայմանի կամ պահանջների ընդունում։

«Կարծում եմ, որ հետագայում, երբ այն գործի, խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար, իսկ նրա տնտեսության զարգացումը պարտադիր ներառում է Արցախի տնտեսության զարգացումը»,- ընդգծեց ԼՂՀ վարչապետը։ -0-