ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության հողահանդերում մկնակերպ կրծողների սաստկացող վարակի կապակցությամբ

14.10.2009, 12:57
ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության   հողահանդերում մկնակերպ կրծողների սաստկացող վարակի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօերին խորհրդակցություն է անցկացրել շրջկենտրոնների, գյուղատնտեսական բաժինների ղեկավարների և մասնագետների հետ՝ հանրապետության հողահանդերում մկնակերպ կրծողների սաստկացող վարակի կապակցությամբ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը տարածվող վարակի մասին տեղեկատվության մեջ նշել է, որ վերջին ժամանակներս հայ մասնագետները հանրապետությունում ուսումնասիրություն են անցկացրել:

«Նրանք արձանագրել են, որ մկնակերպ կրծողների վարակը կրում է ընդհանուր բնույթ, և անհրաժեշտ է անհապաղ սկսել նրանց դեմ պայքարը», - ասել է Ծատուրյանը:

Իրենց կարծիքներն արտահայտել նաև խորհրդակցությանը ներկա գտնված  մասնագետները, ովքեր իրենց առաջարկներով համալրել են ծրագրված միջոցառումների ցանկը:

Ընդունելով հնչած առաջարկները՝ ԼՂՀ վարչապետը հայտարարել է համալի միջոցառումների անցկացման անհրաժեշտության մասին, ինչի համար անհրաժեշտ կլինի ստեղծել հատուկ շտաբ՝  պետական բոլոր ծառայությունների և բնակչության ներգրավմամբ:

Առաջին հերթին ծրագրվում է մշակել գյուղերին հարակից բոլոր տարածքները և աշնանավար անցկացնել: Վարձակալած վարելահողերի տերերը միաժամանակ կազատվեն վարձավճարից:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ստեղծել միջոցառումների հստակ ծրագիր, որ մոտ ժամանակներս պետք է իրականացվի:

Խորհրդակցության ժամանակ շրջկենտրոնների ղեկավարներն ու Գյուղին և գյուղատնտեսությանն աջակցող հիմնադրամի նախագահը ներկայացրել են գյուղատնտեսական վարկերի վերադարձի ընթացքի մասին տեղեկատվությունը:

Ընդհանուր պատկերը դեռևս անբավարար է, ինչի կապակցությամբ վարչապետը լիազոր անձանց հատուկ հանձնարարականներ է տվել:-0-