Ղարաբաղում մինչև 2010 թվականի ավարտը նախատեսվում է ապահովել բոլոր համայնքների երթուղային կապը շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ

16.09.2009, 16:22
Ղարաբաղում մինչև 2010 թվականի ավարտը նախատեսվում է ապահովել բոլոր համայնքների երթուղային կապը շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նախօրեին հերթական նիստում հավանություն է տվել ԼՂՀ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված լրացումներին, որոնք կներկայացվեն հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, նիստի ընթացքում ներկայացնելով տվյալ օրինագիծը՝ արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը պարզաբանեց, որ ներկայումս ԼՂՀ մի շարք համայնքներ զրկված են հասարակական տրանսպորտի երթուղիներից, այդ իսկ պատճառով նպատակ է դրված հնարավորություններ ստեղծել այդ խնդրի լուծման համար օրենսդրական և կազմակերպչական ճանապարհով։     

Այս հարցի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջեցները ԼՂՀ նախագահի հանձնարարականը կատարելու համար՝ համաձայն որի մինչև 2010 թվականի ավարտը պետք է բոլոր համայնքներում երթուղային կապ ապահովվի շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ, ինչպես նաև բարելավվի հանրապետության ողջ երթուղային ցանցը։

«Տվյալ ոլորտը տրվել է մասնավոր հատվածին՝ բարեփոխումների ակնկալիքով, սակայն այն ավելի է վատացել»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ պետությունն իր վերահսկողության տակ կվերցնի մի շարք ոչ եկամտաբեր երթուղիներ, հատկապես ծայրամասային գյուղերը վստահելի երթուղային տրանսպորտով ապահովելու համար։ 
 
Արտադրական ենթակառուցվածքների վարչության ներկայացմամբ, կառավարությունն արդեն ընդունել է տրանսպորտային միջոցների տեխզննման անցկացմանը վերաբերող մի շարք որոշումներ։

Մասնավորապես, նիստի ընթացքում նշվեց, որ Ստեփանակերտը կդառնա հանրապետությունում տեխնիկական զննման կենտրոն ըստ երկու երթուղային գծերի՝ մարդատար և ունիվերսալ։ Միաժամանակ կգործի մեկ շարժական երթուղային գիծ՝ հանրապետության շրջանների սպասարկան համար։ -0-