ԼՂՀ նախագահն ընդունել է Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի անդամներին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի անդամներին` ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, գոհունակություն հայտնելով Ստեփանակերտում արտագնա նստաշրջան գումարելու ակադեմիայի նախաձեռնության վերաբերյալ, նախագահը հայտնեց ԼՂՀ իշխանությունների շահագրգռվածությունը Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ներուժը, հարուստ փորձն ու գիտելիքները Արցախի առողջապահական համակարգի զարգացման և բարեփոխման համար օգտագործելու հարցում:
Մասնավորապես, Բակո Սահակյանը նշեց տեղի բժշկական կադրերի որակավորման բարձրացման և փորձի փոխանակման խնդիրները: Իրենց հերթին հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերել Արցախին և աշխուժացնել երկկողմանի կապերը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը: -0-