ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի դիտարկման ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից հյուսիսային ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, և դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քիին (Մեծ Բրիտանիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ժասլան Նուրտազինը (Ղասախստան):
Հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-