Մոսկովյան հռչակագրի կնքման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներկայությունը անհրաժեշտ էր. փորձագետ

19.11.2008, 16:04
Մոսկովյան հռչակագրի կնքման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներկայությունը անհրաժեշտ էր. փորձագետ

Մոսկովյան հռչակագրի կնքման ժամանակ անհրաժեշտ էր ապահովել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներկայությունը, կարծում է ՀՀ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային հարցերով փորձագետ Սերգեյ Շաքարյանցը։

Մոսկվայում անցկացված եռակողմ հանդիպման արդյունքում 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հռչակագիր ստորագրեցին։ Երեք պետությունների նախագահները պայմանավորվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև արտգործնախարարներին հանձնարարեցին շարունակել աշխատանքը ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ։  

«Կարևոր էր, որ ԼՂՀ ներկայացուցիչները գոնե ներկա լինեին բանակցություններին, եթե անգամ չստորագրեին փաստաթղթի տակ»,- ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Շաքարյանցի խոսքերով, Լեռնային Ղարաբաղը 1996 թ.-ից ի վեր ոչ սեփական կամքով «դուրս է մղվել» բանակցային գործընթացից։ 

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ նա նշեց, որ տվյալ հարցի շուտափույթ լուծման մասին կարծիքները «ավելի շուտ լավատեսական են, քան իրատեսական»։ «Առաջիկա տարվա հեռանկարում Ադրբեջանը հակամարտության կարգավորման չի գնա, եթե միայն ամեն ինչ և միանգամից ստանալու երաշխիքներ չունենա»,- ավելացրեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ. մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-