ԼՂՀ նախագահը շրջայց է կատարել Ստեփանակերտի մի շարք օբյեկտներում

17.12.2007, 11:33
ԼՂՀ նախագահը շրջայց է կատարել Ստեփանակերտի մի շարք օբյեկտներում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ օրը շրջայց է կատարել մայրաքաղաքի  մի շարք օբյեկտներում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը նախ այցելել է նախկին հանրապետական պոլիկլինիկայի շենք, որտեղ վերանորոգումից հետո կգործի Արցախի զբոսաշրջության կենտրոնը: Տեղում ծանոթանալով կենտրոնի նախագծին ու շենքի ներկա պայմաններին` երկրի ղեկավարը հանձնարարել է վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պահպանել շինարարական բոլոր նորմերը և ապահովել դրանց բարձր որակը: Նախագահն առաջնահերթ է համարել շրջակա տարածքի, որի մեջ է մտնում  նաև Արցախի հերոս Բեկորի անվան քաղաքային զբոսայգին, բարեկարգման և լուսավորման հետ կապված հարցերի լուծումը:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկա: Նախագահը շրջել է պատերազմի ընթացքում տուժած ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ֆաբրիկայի միակ գործող արտադրամասում  թողարկվող նմուշներին: Անդրադառնալով ձեռնարկության առջև ծառացած խնդիրներին՝ հանրապետության նախագահն անհնար է համարել աշխատել նման պայմաններում և թողարկել մրցունակ արտադրանք՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակը շտկելու համար համալիր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Նախագահի այցի հաջորդ կետը եղել է ԼՂՀ ոստիկանության քաղաքային բաժանմունքը, որտեղ նույնպես երկրի ղեկավարն ուշադրություն է դարձրել շենքային անբարենպաստ պայմաններին: Բակո Սահակյանը ծանոթացել է նաև բաժանմունքի կողմից իրականացվող աշխատանքներին, մասնավորապես, մայրաքաղաքում հանցագործությունների բացահայտման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարն այցելել է  նաև ԼՂՀ Գերագույն դատարան, Ստեփանակերտի քաղաքային դատախազություն, ինչպես նաև ոստիկանության քննչական մեկուսարան, ծանոթացել այդ հիմնարկների շենքային և աշխատանքային պայմաններին:

Շրջայցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, համապատասխան նախարարությունների ղեկավարներ, Ստեփանակերտի քաղաքապետը:-0-