Սահմանադրության ընդունման օրը նշանակալի իրադարձություն է դարձել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար. գլխավոր դատախազ
Սահմանադրության ընդունման օրը նշանակալի իրադարձություն է դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար, հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ, Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը։
«Հիմնական օրենքի ընդունումը նշանակալի իրադարձություն է դարձել հանրապետության կյանքում», - ասել է Զալինյանը՝ նախօրեին ելույթ ունենալով Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ)՝ «Սահմանադրություն և իրավունք» գիտակրթական գիտաժողովի բացման ժամանակ, որը նվիրված է ԼՂՀ-ում Սահմանադրության ընդունման առաջին տարեդարձին։
«Մենք արդեն ունենք մեր «անձնագիրը», մեր պետության «անձնագիրը», որտեղ ներկայացված է Ղարաբաղի պետության բնութագիրը և արժեքների համակարգը», - նշել է Զալինյանը։
Ղարաբաղի գլխավոր դատախազը ողջունել է նման գիտաժողովի անցկացման գաղափարը, որի նպատակը, առաջին հերթին, լավ իրավաբանների հայտնաբերումն է։
«Մենք մեր առջև դնում ենք որակյալ կադրեր պատրաստելու նպատակը, կադրեր, որոնք կդառնան ապագա դատախազներ ու դատավորներ և կաշխատեն՝ ի բարօրություն պետության իրավական հիմքի ամրապնդման», - եզրափակել է Զալինյանը։
Գիտաժողովի ընթացքում ընթերցվել է ԱրՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հինգ զեկույց, որոնք նախօրոք ընտրել էր կազմկոմիտեն։ Լավագույն աշխատանքների հեղինակներին հանձնվել են արժեքավոր նվերներ։
Գիտաժողովի կազմակերպիչը ԼՂՀ Գլխավոր դատախազությունը և «Վաչագան Բարեպաշտ» հասարակական կազմակերպությունն էր։
2006 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի, դեմ՝ 554 քաղաքացի։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց 90077 մարդ։
Դեկտեմբերի 10-ը այդուհետ ԼՂՀ-ում համարվում է տոնական օր և պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային։
Հիմնական օրենքի նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։-0-