ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակն ընդունել է Կանադայից ժամանած հայ ուխտագնացներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը երկուշաբթի ընդունեց Կանադայից ժամանած Մոնռեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հավատացյալների խմբին՝ եկեղեցու հովիվ Վազգեն Բոյաջյանի ղեկավարությամբ։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում հոգևոր հովիվը հաղորդել է, որ ուխտավորների խումբը Լեռնային Ղարաբաղ է եկել՝ Արցախի պատմա-մշակութային արժեքներին, ինչպես նաև ղարաբաղցիների կենցաղին ծանոթանալու համար։
Ողջունելով այդ հայրենասիրական նախաձեռնությունը՝ ղարաբաղյան խորհրդարանի ղեկավարը նշել է խմբի այցելության կարևորությունը։
Նա բարձր է գնահատել այն ուշադրությունն ու աջակցությունը, որը սփյուռքը, այդ թվում՝ Կանադայի հայկական համայնքը, մշտապես հատկացնում է երկրորդ հայկական պետությանը՝ Լեռնային-Ղարաբաղի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։
«Այցի արդյունքում Արցախի մասին ձեր պատկերացումներն, անշուշտ, ավելի հստակ կլինեն։ Չեմ կասկածում, որ ուխտագնացության ավարտին ձեզ մոտ ավելի թարմ և հետաքրքիր գաղափարներ կլինեն՝ Արցախի հայությանն աջակցելու համար, որը կառուցում է իր անկախ պետականությունը»,-նշեց Ղուլյանը։
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հյուրերին հակիրճ ներկայացրեց արցախահայերի ազգային-ազատագրական պայքարի անկյունաքարային կողմերը, երկրի ձեռքբերումները, առկա խնդիրները և Լեռնային-Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը։–0—