Ղարաբաղի խորհրդարանը սեպտեմբերի 14-ին կքննարկի վարչապետի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Ստեփանակերտում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջադրած Արայիկ Հարությունյանի թեկնածությունը՝ նոր վարչապետի պաշտոնում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից։
ԼՂՀ Սահմանադրության համաձայն, կառավարության ղեկավարի նշանակման համար պահանջվում է խորհրդարանի պատգամավորների մեծամասնության ձայնը։
Ազգային ժողովի համաձայնությունը ստացած վարչապետի թեկնածուն այդ պաշտոնում նշանակվում է երեք օրվա ընթացքում։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է կառավարության հրաժարականը։ Պետության ղեկավարի հրամանի համաձայն, կառավարության անդամները կշարունակեն իրենց լիազորությունների կատարումը՝ մինչև նոր գործադիր մարմնի ձևավորումը։ --0—