Ա. Ղուկասյան. Ղարաբաղն առավել հիմքեր ունի անկախության ձգտելու, քան Կոսովոն

03.07.2007, 18:35
Ա. Ղուկասյան. Ղարաբաղն առավել հիմքեր ունի անկախության ձգտելու, քան Կոսովոն
Ա. Ղուկասյան. Ղարաբաղն առավել հիմքեր ունի անկախության ձգտելու, քան Կոսովոն

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղն ավելի շատ հիմքեր ունի անկախության ձգտելու, քան Կոսովոն:  Այսպիսի  տեսակետ հայտնեց  ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը իր  «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման հեռանկարներ» զեկույցում, որը ներկայացրեց  Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կազմակերպած Ամառային դպրոցի շրջանակներում:

«Մենք նաև Կոսովոյից ավելի շատ փաստարկներ ունենք, որոնք կարող են միջազգային հանրությանը համոզել այդ գործընթացի անխուսափելիությունը»,- ասաց նա:

Ղուկասյանի խոսքերով, այն մարդկանց տրամաբանությունը, ովքեր պնդում են, թե Կոսովոյի հակամարտությունը չի կարող նախադեպ ծառայել մյուս վիճելի տարածքների համար, անհասկանալի է:

Այդ առթիվ նա նշեց, որ աշխարհում այսօր երկակի չափանիշներ են գործում: «Արևմտյան դիվանագետները բազմիցս արտահայտել են այն կարծիքը, թե Կոսովոն չի կարող մյուս հակամարտությունների համար նախադեպ ծառայել, մինչդեռ Ռուսաստանը պնդում է հակառակը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ տվյալ դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը շատ ավելի տրամաբանական և հետևողական է:

ԼՂՀ նախագահը համոզված չէ, որ Արևմուտքը կհամաձայնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը Կոսովոյի սցենարով:

«Բայց լիովին խուսափել կոսովյան ազդեցությունից բոլոր մյուս հակամարտությունների դեպքում, ես կարծում եմ, ոչ մեկին չի հաջողվի, որովհետև վաղ թե ուշ հարկ կլինի պատասխանել, թե ինչու Կոսովոյի դեպքում կարելի է իրագործել ինքնորոշման իրավունքը, իսկ Ղարաբաղի դեպքում` ոչ»:--0—