Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին:
«Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանսասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- ասել է նա:-0-