Հայկական կողմից գերեվարված սիրիացին ղարաբաղյան պատերազմին զինյալների մասնակցության հաստատումն է․ Նարիշկին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայկական կողմի ցույց տված գերեվարված սիրիացին հաստատում է ղարաբաղյան պատերազմին զինյալների մասնակցությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Հայաստանում Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցող երկու ահաբեկիչ գրոհայինները կալանավորված են:
Նոյեմբերի 1-ին ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցող Սիրիայի Արաբական Հանրապետության երկրորդ քաղաքացին՝ Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին: Վերջինս 2020թ. նոյեմբերի 2-ին ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով:
Մասնավորապես, ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի տված ցուցմունքների՝ Աբու Ահմադ անունով անձի կողմից իր տանն իրեն առաջարկվել է գումարի դիմաց գնալ Ադրբեջան՝ 3-ամսյա զորավարժությունների մասնակցելու նպատկով՝ յուրաքանչյուր ամիս 2000ԱՄՆ դոլար վարձատրվելու պայմանով: Հավաքագրումը կատարվել է Սիրիայի Սարարֆին, Սահամն, Ալ Զիեդիե և այլ բնակավայրերից, հավաքագրվողներին հատուկ զգուշացվել է անձը հաստատող փաստաթուղթ, բջջային հեռախոս չվերցնելու մասին:
Նրանց տեղափոխել են Սիրիայի Բաբ Ալ Սալամ անցակետ, որը, ըստ սիրիացի վարձկանի ցուցմունքների, գտնվում է Աբու Համշայի և նրա զինյալների հսկողության ներքո: Աբու Համշայի եղբոր՝ Սեյֆի կողմից Սիրիայի տարբեր հատվածներից այնտեղ հավաքված հարյուրավոր անձանցից հավաքագրվել է 20-ից 40 տարեկան 500 հոգի, որոնց նախապես զգուշացվել է, որ Ադրբեջան մեկնելուց հետո մինչև ժամկետի ավարտը ոչ մեկին այլևս թույլ չի տրվելու վերադառնալ:-0-