Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ բացատրություններ տրամադրել Սյունիքի վերաբերյալ․ ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Այս մասին խոսել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է»,- գրել է նա Facebook-յան իր էջում:
Նա նշել է, որ իր աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել է Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ եմ շեշտում՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին։ Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ»,- նշել է Օմբուդսմենը:-0-