Հարությունյան. մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը (ՎԻԴԵՈ)

10.11.2020, 11:53
Հարությունյան. մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը. ՎԻԴԵՈ
Հարությունյան. մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեքշաբթի հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է ստորագրված զինադադարի գնալու պարտադրված քայլի մասին՝ հանուն հանրապետության փրկության:

«Ես հայտարարել եմ, որ նոյեմբերի 8-ին իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել, այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 1992-1994 թվականներին: Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով, 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, եւ ամենագլխավորը՝ Շուշին»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, 2-3 կմ հեռավորության վրա:

«Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք ավելի շատ զոհեր, քանի որ մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետեւանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով: Չեմ ուզում նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանների առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ, շրջափակման մեծ հնարավորություններն կարող էին լինել»,- նշել է Հարությունյանը:

Նա նշել է, որ կարծես թե մի քանի օր ՊԲ-ին հաջողվել էր պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդին չգիտեմ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն ունեցան նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում եւ այդ բոլոր կորուստները անօդաչուներով:

«Այդպես էլ մեզ չհաջողվեց, ինչու չհաջողվեց, մենք բոլորս այո, պատասխան ենք տալու, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա էր: Բոլորս, ովքեր զբաղեցրել են պաշտոններ վերջին տասնամյակներում»,- նշել է Հարությունյանը:

Նրա խոսքով, սակայն, մենք կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ուժերի:

«Հաստատ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողությունների ընթացքում: Թուրք զինվորականների մասնակցությունը եւս եղել է, ահաբեկիչների, վարձկանների դեմ կռում էր հայ կամավորն ու հայ զինվորը: Ես խոնարհվում եմ առաջին հերթին հայ զինվորների առջեւ, աշխարհի ամենահերոս տղերքն եղել մեր ժամկետային զինծառայողները, խոնարհվում եմ զոհերի հարազատների առջև»,- նշել է Հարությունյանը:

«Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինծառայող զինվորների կյանքը փրկեինք: Իհարկե, կարող ենք ասել, թե ինչու ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից, կոչ եմ արել Աղդամից, հիշեցնելով, որ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի 28-ին Շուշիից, Ղազանչեցոց եկեղեցու առջեւ ասել եմ՝ Շուշին վտանգված է, հակառակորդը գտնվում էր 5 կմ հեռավորության վրա: Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքին է, թե ոչ, բայց մենք Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ: Չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն եղած մարդկային ու զինտեխնիկայի ռեսուրսներով, որը կար»,- հայտնել է ԱՀ նախագահը:

Հարությունյանի խոսքով, ամեն բան դեռ առջևում է:

«Հիմա ամեն ինչ առջևում է, Արցախը, Հայաստանը, հայ ազգը, շատ ծանր օրեր ենք ունեցել, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնել, հետագայում ճիշտ ճանապարհով ընթանալ և հաջողություններ արձանագրել»,- նշել է ԱՀ նախագահը: 

«Ի դեպ, վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ եմ ունեցել եւ բոլորն էլ միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր թե մշատական զինադադար ունենալ: Բոլորն անխտիր, չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, մենք շարունակում ենք պատերազմը: Որովհետև բոլորը տեսնում էին, որ չկա այդ ռեսուրսները: Բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը: Դրա համար մենք հասկանում էինք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը, որովհետեւ մենք օրերի կամ տասնյակ օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախը: Հաստատ տեմպերն այդպիսին էին: Շատ-շատ մրդկային կյանքեր, մանավանդ զինվորների, որոնց ծառայությունը մեր երկրի համար դեռ առջևում է: Շնորհակալություն: Ես ձեզ բոլորիդ սիրում եմ, նորից ուզում եմ խոնարհվել մեր բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջեւ: Ես շատ-շատ հարազատներ եմ կորցրել այս օրերի ընթացքում, արտասվել, իմ ելույթներում կեղծ ժպտալ, որպեսզի հասարակությունը չիմանա այն դառնությունը, որ մենք ունենում էինք ամեն օր: Բայց ուզում եմ նշել՝ ամեն ինչ առջևում է»,- եզրափակել է Արցախի նախագահը: -0-