Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել․ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Ադրբեջանին կոչ է արել «ուշքի գալ, քանի դեռ շատ ուշ չէ»:
«Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ», - գրել է նա իր Facebook-յան էջում:
Ինչպես հոկտեմբերի 4-ին ասել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, իր հրամանով Պաշտպանության բանակը մի քանի հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտներին՝ դրանք վնասազերծելու նպատակով: Նա հայտնեց, որ ավելի ուշ հրաման է տվել դադարեցնել կրակը՝ քաղաքացիական անմեղ զոհերից խուսափելու համար:
Երկուշաբթի Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Պաշտպանության բանակի պատասխան արձագանքը Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի ուղղությամբ հրթիռային հարվածների վերսկսմանը չի հետաձգվի: Նա հավելեց, որ, այնուամենայնիվ, ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանությունների, «մենք թիրախավորում ենք ոչ թե խաղաղ բնակչությունը, այլ մեծ քաղաքներում մշտապես տեղակայված ռազմական օբյեկտները»: Այդ օրը ավելի ուշ նա հայտնեց, որ «արդեն իսկ պատասխան հարվածներ են հասցվել. թիրախները հաջողությամբ խոցվել են»:-0-