Արցախը մեկնաբանել է ԱՄՆ–ի HALO Trust ականազերծման ծրագրի հավանական դադարեցումը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

01.08.2019, 21:22
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանեց HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորման հնարավոր կրճատման կամ դադարեցման լուրերը։
Արցախը մեկնաբանել է ԱՄՆ–ի HALO Trust ականազերծման ծրագրի հավանական դադարեցումը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց ԱՄՆ–ի կողմից Արցախում HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորման հնարավոր կրճատման կամ դադարեցման տեղեկությունը։

Նախօրեին Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA) հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը, զիջելով Ադրբեջանում Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, կարող է փակել Արցախում որպես մարդասիրական օժանդակություն իրականացվող HALO Trust ականազերծման ծրագիրը, որն անթիվ կյանքեր է փրկել ամբողջ հանրապետության տարածքում։

«Անհրաժեշտ է մանրամասն և համապարփակ ուսումնասիրել այդ տեղեկատվության իսկությունը, երևան հանել այն ուժերը, որոնք կարող են կանգնած լինել նմանատիպ նախաձեռնությունների հետևում»,– ասաց Բաբայանը գործակալության թղթակցին։

Նա ընդգծեց, որ ավելի կարևոր է այս հարցով պարզել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, ինչպես նաև պարզել, թե արդյո՞ք նմանատիպ քայլը թուրք–ադրբեջանական լոբբիի արդյունք չէ։ «Միայն ստանալով այս հարցերի պատասխանները` կարելի է հաստատել այդ տեղեկության հավաստիությունը»,– ասաց Բաբայանը։

Նրա խոսքով, միայն ԱՄՆ–ի պաշտոնական դիրքորոշումը պարզելուց հետո Արցախը կարող է սկսել այդ գործընթացների արդյունավետ դիմակայության մշակումը։

«Եթե մենք չմտածված շտապ քայլեր կատարենք, ապա կարող ենք հայտնվել ավելի վատ իրավիճակում։ Եվ այդ հարցում անհրաժեշտ է միավորել Հայաստանի, Արցախի և սփյուռքի ջանքերը»,– ընդգծեց նա։

Ինչպես հայտնեց մամուլի խոսնակը, եթե Թրամփի վարչակազմն իսկապես մտադիր է կրճատել կամ դադարեցնել ականազերծման գործընթացի ֆինանսավորումը, ապա ԱՄՆ–ի վարկանիշին լրջագույն հարված կհասցվի։ -0-