Արցախյան պատերազմը Հայաստանի իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, սխալ վարած քաղաքականության արդյունքն է․Վիտալի Բալասանյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախում պատերազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության արդյունք էր։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով, բայց Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, սխալ քաղաքականություն էր վարում, անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր՝ իհարկե համաձայնեցնելով ՀՀ-ի քաղաքական և ռազմական վերնախավի հետ»,-նշել է Բալասանյանը։
Նա ասել է, որ իրենք չկարողացան դա անել և 2020-ի ընտրությունից հետո Արցախի սուբյեկտայնության խնդիրը կար։
«Պետք է ամեն ինչ անեինք, որ Արցախի Հանրապետությունը որպես սուբյեկտ կայանար»,- ասել է նա։
Միաժամանակ Բալասանյանն ընդգծել է, որ պետք է ճկուն քաղաքականություն վարվեր հարևան Իրանի հետ, ՌԴ-ի հետ, որը միշտ բարեկամական, ռազմավարական գործընկերն է եղել։
«Բայց մենք չկարողացանք։ Դա մեծ պատասխանատվություն է ՀՀ-ի իշխանության համար»,-ասել է Բալասանյանը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի համար դեռ ամեն ինչ կորսված չէ։
«Այսօր մենք պետք է ճիշտ վերլուծություն անենք, դասեր քաղենք և սկսենք թե՛ ռազմական, թեթ քաղաքական գործընթացը ՀՀ-ի հետ,ՌԴ-ի հետ՝ կոնկրետ որպես սուբյեկտ հանդես գալով»,- նշել է նա։-0-