Արցախում քննարկվել են պատերազմի ընթացքում վնասված ենթակառուցվածքների շուտափույթ վերականգնման հարցեր (ՖՈՏՈ)

18.11.2020, 22:11
ԱԻՊԾ տնօրենը ՌԴ ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն․ ՖՈՏՈ
Արցախում քննարկվել են պատերազմի ընթացքում վնասված ենթակառուցվածքների շուտափույթ վերականգնման հարցեր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում ՌԴ մտահոգությունն ու հետևողականությունը, ինչպես նաև նյութական օժանդակությունը:

Հանդիպմանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը զեկուցել է մինչ այսօր իր ղեկավարած գերատեսչության կողմից կատարված վնասների չափագրման աշխատանքները: Իսկ ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որոնք ըստ խմբերի կշրջեն բոլոր բնակավայրերով ու տեղում կգույքագրեն բոլոր վնասները: 

«Նախապատվությունը տրված է կենսական կարևոր նշանակության համակարգերի՝ էլետրամատակարարման, գազի և ջրի մատակարարման, ինտերնետի և հեռախոսակապի կոմունիկացիների վերականգնմանը, ինչպես բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգմանը, դրանց զուգահեռ կկատարվի նաև դպրոցական և նախադպրոցական հաստատությունների, առողջապահական հիմնարկների և ճանապարհների վերակառուցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Կարեն Սարգսյանի խոսքով այդ աշխատանքները պետք է մեկնարկեն անհապաղ, որպեսզի մեր բնակչության համար ստեղծենք մաքսիմալ հարմարավետություն:-0-