Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Արցախի ամենաբարձր մարտական դիրք (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) ուղղությամբ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից: Այցի մանրամասները կհրապարակվեն շուտով: Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով»,-գրել է նա։
Պողոսյանը նշել է, որ Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում:
«Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,- գրել է նա հաղորդագրության վերջում։-0-