Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ալիևների և Էրդողանի դեմ պատժամիջոցների մասին Նիդեռլանդների որոշումը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի արտգործնախարարությունը ողջունում է ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Խորհրդարանը նաև կոչ է անում դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը՝ Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։ Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանին զսպելու և պատասխանատվության ենթարկելու միջոց այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կիրառել անհատական բնույթի պատժամիջոցներ:-0-