Արցախի և ՀՀ-ի 10 քաղաքացիներ հայտնվել են ադրբեջանական կողմում. օմբուդսմենը հայտնում է առևանգման և անմարդկային վերաբերմունքի մասին
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է բռնի անհետացած անձանց հանդեպ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը:
«Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը»,- նշվում է Արցախի օմբուդսմենի Facebook-յան էջի հաղորդագրության մեջ:
Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:
«Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից»,- նշվում է զեկույցում:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքները՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանը 10 քաղաքացիների անհետացման փաստով դիմել է ՄԻԵԴ: -0-