Արայիկ Հարությունյանը կոչ է արել համախմբվել՝ վերջնական հաղթանակի հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել համախմբվել՝ վերջնական հաղթանակի հասնելու համար։
Facebook-յան իր էջում նա հայտնել է, որ ստորագրել է «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը:
«Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը»,- գրել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու Արցախի սահմանների պաշտպանությունը:
«Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ: Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար»,- գրել է ԱՀ նախագահը:
Նա նշել է, որ թշնամու ողնաշարը ջարդելու և Արցախի սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրի անհատական մասնակցությունը կարևոր է:
«Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան: Ի գործ...»,- գրել է Արայիկ Հարությունյանը։-0-