Ադրբեջանը ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի դեմ ագրեսիայի դադարեցմանը․ ԱՀ ԱԳՆ

24.10.2020, 18:50
Ադրբեջանը ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի դեմ ագրեսիայի դադարեցմանը․ ԱՀ ԱԳՆ
Ադրբեջանը ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի դեմ ագրեսիայի դադարեցմանը․ ԱՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ:

«Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո»,- նշվում է հայտարարության մեջ։

Արցախում կարծում են, որ հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:

«Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է»,- նշվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում

«Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»,- նշում են Արցախի ԱԳՆ-ից։ -0-