Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ՖՈՏՈ)

02.12.2020, 12:52
Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար. ՖՈՏՈ
Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նոյեմբերի 10–ին հայտարարեց, որ վայր է դնում լիազորությունները և հրաժարվում են «Արցախի հերոս» կոչումից` ի նշան բողոքի նոյեմբերի 9–ին Արցախի հարցով ստորագրված հայտարարության։ 

Բալասանյանի հայտարարությունը

Նախօրեին գեներալ Բալասանյանը Facebook-ում հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել ձևավորել համահայկական նոր օրակարգ։

«Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս։ Նոր ձևավորված պետական մարմինները պետք է ունենան կարողություն և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։ Անհրաժեշտ է զինված ուժերի նոր որակական վերակառուցում։ Անհրաժեշտ է ձևավորել համահայկական նոր օրակարգ՝ Սփյուռքի և Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները և համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին», – նշել է Բալասանյանն իր հայտարարության մեջ։–0