Վահան Բադասյանը, ով սպառնացել էր «ֆիզիկապես հեռացնել» Փաշինյանին, նոր պաշտոն է ստացել Արցախում
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուրբաթ Վահան Բադասյանին նշանակել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նշվում է, որ Բադասյանը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։
Նշենք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ, միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև՝ թշնամու: Ընդգծել էր՝ ինքը պատրաստ է դա անել: Հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, զենքի միջոցով նաև… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»: Փետրվարի 10–ին Բադասյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։–0–