Սարգսյանը պատմել է, թե ինչու է մեկնել Արցախ պատերազմի օրերին և ինչպես է փորձել հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է պատերազմի ժամանակ Արցախ կատարած այցի մանրամասներն ու պատմել է, որ փորձել է հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
«Ես չեմ հանդիպել (Արցախի նախագահի հետ, խմբգր.)։ Ես գնացի Արցախ և 5–6 մարդու ներկայությամբ խնդրեցի Բակո Սահակյանին (Արցախի նախկին նախագահ, խմբգր.) փոխանցել Արցախի նախագահին իմ մեծ խնդրանքն` ընդունել ինձ մի քանի րոպեով։ Առաջին օրը Բակո Սահակյանն ասաց, որ Արցախի նախագահը Ստեփանակերտում չէ, դիրքերում է, երկրորդ օրվա վերջին ինձ ասաց, որ նա չի կարող ընդունել Ձեզ հայտնի պատճառներով», – ասել է Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով, Արցախի նախագահի հետ հանդիպելու ցանկությունն ուներ ընդամենը երկու նպատակ։
«Ես ուզում էի Արայիկ Հարությունյանին բացատրել, որ այս պատերազմը գնում է դեպի պարտություն ու պետք է բոլոր ջանքերը գործադրել պատերազմը կանգնեցնելու համար և երկրորդ, նրան հարցնել, թե ինչով կարող եմ ես օժանդակել Արցախին, բանակին, տնտեսությանը և այլն: Ես պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարելու, բայց երբ մարդը չընդունեց, ապա ցանկացած սեփական նախաձեռնություն կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար իմաստ չտեսա մնալ Ստեփանակերտում, վերադարձա Երևան», – պարզաբանել է Սարգսյանը։–0–