ՌԴ ԱԳՆ–ն անհիմն է որակել Ադրբեջանի բողոքի նոտայի պահանջները` կապված Արցախի պատվիրակության մոսկովյան այցի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Բաքվում ՌԴ դեսպանին բողոքի նոտա ներկայացնելն ու Ադրբեջանի ԱԳՆ–ի մամուլի ծառայության հայտարարությունը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների` ԼՂ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և ԼՂ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի մոսկովյան այցին։
«Նշված անձանց այցը, եթե անգամ տեղի է ունեցել, ապա կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Այս որակմամբ այն չի հակասում ո′չ ռուսական օրենսդրությանը, ո′չ գոյություն ունեցող միջազգային պայմանավորվածություններին, ո′չ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ միջնորդական առաքելությանը։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց հետ ոչ մի հանդիպում չի կազմակերպվել», – նշվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ։
«Ինչ վերաբերում է հղումներին այն մասին, որ Մայիլյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են ռուս փորձագետների հետ «ՌԴ–ում Արցախի մշտական ներկայացուցչությունում», ապա կրկին ընդգծում ենք. նման «ներկայացուցչություն» գրանցված չէ Ռուսաստանի Դաշնության պետական մարմիններում` որպես ինքնավար պետության դիվանագիտական առաքելություն, քանի որ մեր երկիրը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – նշվում է փաստաթղթում։
«Անհիմն ենք համարում Ադրբեջանի ԱԳՆ–ի նոտայում և մեկնաբանության մեջ առկա պահանջները, իսկ ընդհանուր տոնը չի համապատասխանում ռուս–ադրբեջանական հարաբերությունների մակարդակին և որակին»,– նշվում է ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ից նաև հայտարարել են, որ ռուսական կողմը շարունակելու է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ինչպես ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում, այնպես էլ ազգային մակարդակում` «հաշվի առնելով մեր հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի հետ»։–0–