ՊՆ-ն հայտնել է Շուշիի մերձակայքում տեղի ունեցող մարտերում Ադրբեջանի էլիտար հատուկջոկատայինների մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախում մարտական գործողություններին, մասնավորապես մասնակցում են ադրբեջանական էլիտար ստորաբաժանումներ, հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:
Նրա տեղեկություններով, վերջին երկու-երեք օրը դեպի Շուշի անդադար իրենց ձգտումներն այնքան էլ զուտ դիվերսիոն խմբերի գործողություններ չէին:
«Հիմնականում մարտավարական, վաշտային խմբեր են, դրանցում կան նաև դիվերսիոն խմբեր, էլիտար ստորաբաժանումներ են, որոնց տրված է համապատասխան ուժեղացում` որպես կանոն թեթև ու արագաշարժ զրահատեխնիկա»,- նշել է Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչների խոսքով, այդ խմբերը լավ սպառազինված են և այնպիսի պատրաստություն են անցել, որ կարող են ցերեկ թե գիշեր նույն ուժգնությամբ մարտ վարել, իրենց աջակցում է հիմնականում հրետանին:
«Բայց այսօր վստահաբար կարող եմ ասել, որ եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է կամ կարող է լինել, ապա այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց իրենց հրետանուն»,- նշել է Հովհաննիսյանը:
«Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է, մարտերը շարունակվում են, չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի, բայց մարտերը ծանր են եղել»,- հայտնել է ՊՆ ներկայացուցիչը: -0-