ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում է։
«Սիրելի հայրենակիցներ, Արցախում եմ և այսօր Ստեփանակերտում հանդիպումներ եմ ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Քննարկել ենք օպերատիվ իրավիճակն ու վերջին զարգացումները, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պայմաններում մեր ժողովրդի ուժերի համախմբման, թիկունքային ապահովման աշխատանքների կոորդինացման և այլ կարևոր հարցեր: Նախագահի հետ միասին հանդիպել ենք նաև Արցախ մեկնած մեր կամավորներին, ում ոգևորությունը վարակիչ էր:
Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում: Այս օրերի մեր միասնությունը, կամքն ու արիությունը մեր արդար հաղթանակի ու թշնամու տապալման գրավականն են» – նշել է Ավինյանը Facebook–յան իր էջում:
Նրա խոսքով,մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ:
Загружается новость ... "Лево"
«Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել Հայրենիքի նկատմամբ այս ոտնձգության մեջ, բայց ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն: Մեր պատասխանը շարունակելու է լինել կոշտ և վճռական: Մեր ազատության համար մղվող գոյամարտում Աստված մեզ հետ է, մեր գործն արդար է և ճշմարիտ, հետևաբար #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ», – գրել է Ավինյանը։
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–