«Մեր հոգին անկոտրում է, , Արցախը չի շեղվի իր ճանապարհից». Դավիթ Բաբայանն՝ Արցախում տիրող իրավիճակի և հակառակորդի սադրանքների մասին

13.02.2022, 19:07
Արցախի տարածքի դեօկուպացիայի հարցը միշտ օրակարգում է, հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
«Մեր հոգին անկոտրում է, , Արցախը չի շեղվի իր ճանապարհից». Դավիթ Բաբայանն՝ Արցախում տիրող իրավիճակի և հակառակորդի սադրանքների մասին
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախի տարածքի դեօկուպացիայի հարցը միշտ օրակարգում է, հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը լրագրողներին Երևանում:

«Ակնհայտ է, որ ի դեմս Ադրբեջանի՝ մենք տեսնում ենք երկրի, որը դժվար թե կամավոր ինչ-որ բան զիջի: Իհարկե, դեօկուպացիան միշտ եղել է մեր օրակարգում, քանի որ մինչ այդ օկուպացված են եղել այլ տարածքներ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի տարածքը և այլն: Հիմա օկուպացված է տարածքների մեծ մասը», - Բաբայանի խոսքերը մեջբերում է «Նովոստի-Արմենիա» Telegram-յան ալիքը:

Նա հայտարարել է, որ դրված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ուժեղ պետություն:

«Մենք հավատում ենք, որ ուժեղ պետություն կլինի, բայց որպեսզի հավատը դառնա իրականություն, պետք է աշխատել», - ասել է նախարարը:

Նա նաև փաստել է, որ միշտ տեղի են ունենում կրակահերթեր և սադրանքներ Արցախի ուղղությամբ:

«Կրակոցներ, սադրանքներ միշտ եղել են, ցավոք, միշտ լինելու են, քանի որ այդպիսին է մեր հակառակորդի ոճը, և նա երբեք դա չի թաքցրել», - ասել է նա:

Ինչ վերաբերում է երկրի վիճակին, Բաբայանը հայտարարել է, որ «մարմինը ծանր վիրավոր է, բայց մեր հոգին անկոտրում է»:
Նա հայտարարել է, որ չնայած տարբեր սադրանքներին, Արցախը չի շեղվի իր ճանապարհից:

Երևանի մեսեջներն ու Բաքվի արձագանք

Բաբայանը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի թեմային: «Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը միշտ եղել է վերջնանպատակ մեզ բոլորիս համար: Այդ պայմանագրով պետք է վերջնականապես կարգավորվեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Սա մեր վերջնանպատակն է», - ասել է նախարարը:

Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանն այլ պատկերացումներ ունի պայմանագրի մասին:

«Նա ուզում է, որպեսզի մենք հեռանանք Արցախից և չի թաքցնում դա: Հետևաբար, պետք է աշխատել խաղաղ պայմանագրի վրա, բայց, իհարկե, ոչ Ադրբեջանի դիրքորոշումից: Կարծում եմ, որ Հայաստանի այդ մեսիջն Ադրբեջանը կտորպեդահարի», - ասել է նախարարը:

Միաժամանակ Բաբայանը կարևորել է Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը:

«Անխափան կապի հարցն ուշադրության կենտրոնում է: Վերջնական որոշում չկա, ընթանում են բանակցություններ: Մենք պայքարելու ենք մեր շահերի համար», - ընդգծել է Արցախի ԱԳ նախարարը:

Նա հայտարարել է, որ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ, և այդ կապը չի կարող վերահսկվել Ադրբեջանի հետ:

«Նման բան չի լինի: Եղել են խոսակցություններ Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետ տեղադրելու մասին: Դա բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է նախարարը:

Պատերազմի քննություն

Բաբայանը վստահություն է հայտնել, որ Արցախյան պատերազմի հետևանքները պետք է վերլուծվեն պրոֆեսիոնալ ձևով:
«Ցանկացած պատերազմ պետք է վերլուծվի, բայց ճիշտ, պրոֆեսիոնալ ձևով, այլ ոչ թե մանիպուլյատիվ: Կարծում եմ, որ ցանկացած հանձնաժողով պետք է հենց այսպես մոտենա այդ հարցին», - ասել է նա:

Նախարարը նշել է, որ վաղ թե ուշ կստացվեն բոլոր հարցերի պատասխանները:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունը հայտնել է 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի ձևավորման մասին: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքին:-0-