ԼՂ–ում ՀՀ բանակ չկա. Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին (ՎԻԴԵՈ)

06.07.2023, 11:49
Ադրբեջանի նախագահն ավելի վաղ մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին` նշելով, որ Հայաստանի ԶՈւ–ն գտնվում է Լեռնային Ղարաբաղում և պահանջել էր դուրս բերել այն. ՎԻԴԵՈ
ԼՂ–ում ՀՀ բանակ չկա. Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչող անհիմն մեղադրանքներին։

Նա նշեց, որ չեն դադարում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։

«Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի։ Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա», – ասաց վարչապետն այսօր կառավարության նիստի ընթացքում։

Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։

«Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին` նշելով, որ Հայաստանի ԶՈւ–ն գտնվում է Լեռնային Ղարաբաղում և պահանջել էր դուրս բերել այն։–0–