Հովհաննիսյան. հայկական կողմն ունի ադրբեջանցի գերիներ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չորեքշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հայկական կողմն ունի գերիներ։
«Այո կան գերիներ, բայց քանիսն են, որտեղ են, ինչ վիճակում են, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում» – հայտարարեց նա։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ, ցավոք, չի կարող տեղեկություններ հայտնել հայ գերիների մասին։
«Ադրբեջանական կողմը նման տվյալներ չի ներկայացնում, Կարմիր Խաչի հետ չի աշխատում», – ասաց Հովհաննիսյանն` ավելացնելով, որ Ադրբեջանը նույնիսկ իր սեփական դիակները չի փորձում հանել։
«Մենք ընդհանրապես այս վերջին շրջանում բախվում ենք ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի հետ Ադրբեջանի կողմից իրենց սեփական կորուստների և դիակների նկատմամբ, նման բան երբևիցե չենք տեսել։ Անգամ իրենց կողմից նախկինում նման բան չենք տեսել։ Սա ինչ–որ ցուցիչներ են, առանձին եզրակացությունների մասին տեղիք են տալիս, որի մասին առանձին կարելի է խոսել», – ասաց Հովհաննիսյան
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 300-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–