Արցախում ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ

26.03.2021, 12:44
Արցախում ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ. ռուս հրամանատարը փոխհատուցում է խոստացել
Արցախում ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:

Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ի կեսօրին: Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին:

«Այդ պահին ճանապարհով գնացող ավտոմեքենաներից մեկը կարողացել է խուսափել, իսկ դրա հետևի մեքենան՝ ոչ: Միջադեպից հետո տեղի բնակավայրի քաղաքացիներն անմիջապես փակել են ավտոշարասյան ճանապարհը, ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հրամանատարները դուրս են եկել, ներողություն են խնդրել: Ռուս հրամանատարը վարորդի տվյալները վերցրել է և խոստացել փոխհատուցում»,- ասել է Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի ավելի ուշ:–0–