Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան

31.05.2022, 12:49
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրավունք չունի անել Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն
Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին՝ համաձայն է արդյո՞ք, որ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում։

«Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Անդրադառնալով ընդդիմության կողմից նախարարություններին ուղղված այդ հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմությունը նման հարցադրումներ անելու բազմաթիվ հնարավորություներ ունի․«Նման հնարավորություն ունի առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, հնարավորություն ունի գրավոր դիմելու, որը մտնում է պատգամավորների լիազորությունների մեջ և այլն։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»։ 

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ իրենք ավելի շատ բան են արել Արցախի համար, քան ընդդիմությունը՝ հղում անելով պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալներին, հաղոդում է tert.am–ը։ 

«Մենք Արցախի բանակցությունների հետ կապված բոլոր գործընթացները մաքսիմալ թափանցիկ ներկայացրել ենք: Ինչո՞ւ եմ ասում մաքսիմալ, որովհետև կան ինչ-որ բաներ, որ չես կարող ինչ-որ պահի ասել, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի, բայց ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ամեն ինչ ասվում է, և վարչապետը բազմիցս ասել է, որ որևիցե գործընթաց, որը չի ներառի Արցախի ժողովրդի կարծիքը, չի ներառի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, չի լինելու և չկա։  Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապույտեր անելով և սելֆիներ անելով, այլ գործով, որը իրենք չեն անում»,- ասաց Սիմոնյանը։–0–