Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել (ՎԻԴԵՈ)

10.03.2022, 21:12
Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել. ՎԻԴԵՈ
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է ադրբեջանական կողմը խոչընդոտում է՝ առանց հիմնավորման, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ. մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից: Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը:
Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը: Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Նա հանձնարարել է գործադիր իշխանության պատասխանատուներին համապատասխան միջոցներ կիրառել բնակչության անվտանգության ու բնականոն կենսապահովման համար:-0-