Արցախի ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքը պետք է ուժի մեջ մնա մինչև դրա դադարեցումը. ԱՀ ԱԳ նախարար (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

31.01.2022, 15:43
Ավելի վաղ Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտնել էր, որ Արցախի ազգային ժողովը քննարկելու է ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծը
Արցախի ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքը պետք է ուժի մեջ մնա մինչև դրա դադարեցումը. ԱՀ ԱԳ նախարար (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել է ադրբեջանական օկուպացիայի մասին օրինագծի ներկայացումն Արցախի ԱԺ։

Ավելի վաղ Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտնել էր, որ Արցախի ազգային ժողովը քննարկելու է ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծը։

«Այս օրինագիծը մեզ համար հրամայական է, քանի որ մեր տարածքի մոտ 80 %-ը օկուպացված է: Ինչպե՞ս կարող ենք նման օրենք չունենալ, դա կենսական նշանակություն ունի: Մենք փաստորեն աշխարհում միակ երկիրն ենք, որը սահմաններ չունի, ունենք միայն շփման գիծ: Ընդ որում, այդ օկուպացիան սկսվել է դեռ 1991 թ.-ին»,- ասաց Բաբայանը։

Նա հիշեցրեց, որ եղել են օկուպացիայի մի քանի ալիքներ՝ 1991-94 թթ.-ի պատերազմը, Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ հատվածների օկուպացումը։ Հետո 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից վերցվել են աննշան հողատարածքներ, թեև երկրորդ պատերազմի ժամանակ հաջողություն չի գրանցվել։

«Եվ վերջապես՝ Արցախյան երրորդ պատերազմը և այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ: Հետևաբար, շատ կարևոր է նման օրենք ունենալը, այս օրենքը պետք է ուժի մեջ լինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հողերի օկուպացիային վերջ չի դրվել: Իհարկե, Ադրբեջանը և Թուրքիան կփորձեն խանգարել օրենքի ընդունմանը, բայց չեն կարողանա»,- ասաց Բաբայանը։

Նա նաև հորդորեց չմտածել, թե օրենքի ընդունումը վերջ կդնի Արցախի օկուպացմանը:

«Բայց սա շատ կարևոր օրենք է: Մենք մշտապես խոսում ենք մեր տարածքի դեօկուպացիայի մասին, բայց օկուպացված տարածքների մասին համապատասխան օրենք չկա: Ստացվում է իրավական և քաղաքական անհեթեթություն: Հետևաբար պետք է ունենալ համապատասխան փաստաթղթերի, դրույթների անթերի իրավական բազա: Դա մեզ կօգնի ավելի արդյունավետ աշխատել համաշխարհային հարթակում: Բացի այդ, դա անհրաժեշտություն է, քանի որ մենք պետք է ֆիքսենք այդ տարածքների կարգավիճակը: Մենք երբեք այդ տարածքները չենք ճանաչի Ադրբեջանի կազմում, բայց դրանք դե-ֆակտո գտնվում են նրա օկուպացիայի տակ, ուստի պետք է համապատասխան օրենք ընդունենք, որն արտացոլում է Լեռնային Ղարաբաղի տեսլականը այս գործընթացի վերաբերյալ»,- ասաց Բաբայանը:

Նա նաև մեկնաբանեց անվտանգության գոտի հասկացությունը որպես տերմին, որը նախկինում օգտագործվում էր, բայց հետո վերածվեց այլ բանի:

«Մենք արդեն հրաժարվել ենք այդ տերմինից: Արցախի տարածքն այն տարածքն է, որտեղ հռչակվել է հանրապետությունը, ձևավորվել ու զարգացել է մեր երկիրը: Այսինքն՝ սրանք այն տարածքներն են, որտեղ հռչակվել է ԼՂՀ-ն՝ նախկին ԼՂԻՄ-ը գումարած Շահումյանի և Գետաշենի շրջանները, և այն տարածքները, որոնք մինչ 2020 թ.-ի պատերազմը եղել են Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»,- ասաց Բաբայանը։

44-օրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին են փոխանցվել Շուշին, Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջանները, բացառությամբ 5 կիլոմետրանոց միջանցքի, որը կապում է Արցախը Հայաստանի հետ:-0-