Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ

14.10.2020, 09:26
ՊԲ–ն ներկայացնում է իրավիճակն առաջնագծում
Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:

«Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:–0–