Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը. Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

27.09.2020, 09:32

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը», – նշել է Ստեփանյանը:

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակառակորդը հարձակվել է Արցախի ուղղությամբ։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:   

Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։–0–