Ադրբեջանն Արցախում հարվածային ԱԹՍ-ներ է կիրառում, հայկական կողմը երկու զոհ ունի

25.03.2022, 15:05
Իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ
Ադրբեջանն Արցախում հարվածային ԱԹՍ-ներ է կիրառում, հայկական կողմը երկու զոհ ունի
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի, հաղորդում է ԱՀ ՊԲ-ն:

Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

Արցախում գրանցված լարվածության մասին

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր:-0-