Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին

16.07.2021, 10:25
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում, նախօրեին Facebook–յան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։ 

«Տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները: Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը», – նշել է Ստեփանյանը։ 

Առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ 

«Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։

Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար։Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային», – նշել է Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 13–ին կրկին կրակոցներ են հնչել Շուշիի մոտակայքում։–0–