ԱՀ նախագահ. «Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությույանը կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս և իրականացնելու է իր ինքնապաշտպանության իրավունքը:
Նախագահը հայտնել է, որ Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է այնպիսի ծանր զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», «Պոլոնեզ», «Kasirga», հարվածային ԱԹՍ-ներ: Այդպիսով, Արցախում ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, ոտնահարվում են համամարդկային արժեքներ:
«Այսքանից հետո Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք են ակնկալում, այսինքն՝ համաձայնվել իրենց կողմից պարտադրված պահանջների հետ: Ուզում եմ հայտարարել. դա չի լինելու»,- նշել է նա:
Հարությունյանն ընդգծել է, որ Արցախն իրականացնելու է իր ինքնապաշտպանության իրավունքը՝ Հայաստանի և ողջ հայության անմիջական մասնակցությամբ:
«Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
Նախագահը նշել է, որ Արցախի ժողովրդի սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայնորեն հաստատված և ճանաչված է: -0-