51–ամյա արցախցին մոլորվել ու հայտնել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱՀ ԱԱԾ

29.12.2021, 14:09
51–ամյա արցախցին մոլորվել ու հայտնել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
51–ամյա արցախցին մոլորվել ու հայտնել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱՀ ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ, հաղորդում է Արցախի ԱԱԾ–ն։

«Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:–0–