Զախարովան մեկնաբանել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները

13.12.2019, 12:36
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները
Զախարովան մեկնաբանել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի/Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հայտարարությունները:

Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը կայացել էր Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին, ինչից հետո նախարարները իրենց հայտարարություններում հակադարձ հայացքներ էին հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:  

«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ կողմերի համար «սահմանել ենք» անհամադրելիություն կամ հետագա երկխոսությունը անհնարին համարել: Ինձ թվում է, որ կողմերը չեն խոսել դրա մասին: Դիրքորոշումների տարբերությունն ակնհայտ է, այլապես երկխոսության ընթացակարգ չէր լինի,- նշել է Զախարովան:

 Նա նշել է, որ Ռուսաստանն իր կողմից ամեն կերպ համագործակցելու է այս երկխոսության շարունակմանը` «արդեն ձգձգվող և հնացած հակամարտության ու հակամարտության շուրջ իրավիճակի» կարգավորման շրջանակում:

 «Անելու ենք ամեն բան կառուցողական երկխոսության շարունակման, և կողմերի` փոխադարձ ընդունելի որոշման կայացման համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-