Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում

08.12.2016, 10:30
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր` դեկտեմբերի 8-ին, ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (շուրջ 40 անգամ):

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից և դիպուկահար հրացաններից  հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 500 կրակոց:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–