Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները կրկին քննարկել են ԼՂ–ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը շարունակել են «մտքեր փոխանակել ղարաբաղյան իրադարձությունների զարգացման շուրջ»` հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ վերջին օրերին ունեցած հեռախոսազրույցները, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ` հեռախոսազրույցի ընթացքում «Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած միջնորդական քայլերի մասին, այդ թվում` կապերը ՌԴ վարչապետի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի միջոցով»։
«Քննարկել են երկկողմ համագործակցության որոշ հարցեր, ինչպես նաև ԵՏՄ–ի շրջանակում բարձրագույն և բարձր մակարդակներում նախատեսված հանդիպումների ժամանակացույցը», – նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Հիմա Ղազախստանը նախագահում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, որտեղ ներառված են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանն ու Ղրղըզստանը։
Ապրիլի 6–ին Պուտինը հեռախոսով զրուցել է Նազարբաևի հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
ՌԴ–ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. Ռոգոզին>>
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–