Մնացականյանը նշել է Արցախյան հարցում տեղաշարժի անհրաժեշտ պայմանները

01.11.2019, 17:59
Մնացականյանը հայտնեց, որ բանակցություններում կա առաջընթաց:
Մնացականյանը նշել է Արցախյան հարցում տեղաշարժի անհրաժեշտ պայմանները

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախյան հարցի կարգավորման բանակցություններում փոփոխություններ չկան, աշխատանքը շարունակվում է, ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք որևէ փակուղի չենք տեսնում, շարունակում ենք հանգիստ և սառնասրտորեն աշխատել, քանի որ այդ աշխատանքը պետք է կատարվի: Դա վերաբերում է մեր անվտանգությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը: Աշխատել այստեղ հուզական դաշտում լուրջ չէ և անպատասխանատու է», - ասաց նա:

Միաժամանակ նախարարը նշեց, որ բանակցություններում փորձ է արվում հայտնաբերել այն պարամետրերը, որոնք առավելագույնը համապատասխանում են Հայաստանի առաջնահերթությունների և մտահոգությունների:

Մնացականյանը հայտնեց, որ բանակցություններում կա առաջընթաց և եթե ընդհանուր կառուցողական մոտեցում ցուցաբերվի, հնարավոր կլինի արագ առաջ շարժվել:

«Լավ գաղափարներ կան, որոնք, հույս ունեմ, հնարավոր կլինի կյանքի կոչել», - նշեց նախարարը:

Միաժամանակ Մնացականյանը նշեց, որ ինքն անընդհատ կապի մեջ է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

«Այդ ամենն իրականացվում է մեր երկրների առաջնորդների ղեկավարության ներքո: Մարտին կայացել է նրանց ֆորմալ հանդիպումը, անցած ամիս նրանք շփվել են Աշխաբադում: Դա գործընթաց է, որում աշխատում են երկրները, և բանակցային գործընթացն ուղղորդվում է պետությունների ղեկավարների մակարդակով: Այդ իսկ պատճառով խոսել նրա մասին, որ երկրների ղեկավարերը չեն հանդիպում և բանակցային գործընթաց չկա թյուրիմացություն է», - ասաց ԱԳՆ ղեկավարը:-0-