Ղարաբաղում զոհվածների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ՊԲ երկու զինծառայողների մարմինները

09.04.2016, 11:07
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում վերջերս գրանցված մարտական գործողությունների հետևանքով զոհվածների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ԼՂՀ ՊԲ–ի երկու զինծառայողների դիակները։
Ղարաբաղում զոհվածների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ՊԲ երկու զինծառայողների մարմինները

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում վերջերս գրանցված մարտական գործողությունների հետևանքով զոհվածների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ԼՂՀ ՊԲ–ի երկու զինծառայողների դիակները։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են ապրիլի 8–ին ժամը 15։00–ից մինչև 20.00–ն Ստեփանակերտի և Բաքվի միջև հայտարարված «լռության ժամանակահատվածի» շրջանակում` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։

Ղարաբաղում «լռության ժամանակահատվածի» պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստեփանակերտի և Բաքվի միջև. ԼՂՀ ԱԳՆ>>

Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ՊԲ զինծառայողներ` կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։

Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  7 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–